Միտքդ, սիրտդ սարսափ են ապրում, երբ պատկերացնում ես, որ կարող էին իրենց երիտասարդ կյանքը պատերազմի մանգաղի տակ թողնել Հրաչյա Քոչարը, Գարեգին Սևունցը, Համո Սահյանը, Սերո Խանզադյանը, Վահագն Դավթյանը, Գևորգ Էմինը, Մկրտիչ Սարգսյանը, Շահեն Թաթիկյանը, Միքայել Շաթիրյանը... Դա կլիներ 20-րդ դարասկզբի չորս տասնամյակում տեղի ունեցած երրորդ գլխատումը։
Այս ցանկում ես միտումնավոր չնշեցի մեր քնարական, կենսախինդ Սիլվա Կապուտիկյանի բնորոշմամբ՝ «միակ ասպետ» Հրաչյա Հովհաննիսյանի անունը, քանզի խոսքս նրա մասին է՝ ծննդյան օրվա կապակցությամբ։
Այո, պատերազմի մանգաղը «խնայեց» նրանց, սակայն մոռացության մանգաղը, պարզվում է, ավելի անողոք է, թեպետ, ժամանակ առ ժամանակ որոշ նվիրյալներ կարողանում են ապաշնորհ մշակութային ղեկավարների ձեռքից խլել այդ մանգաղը։ Վերը նշածս ցանկի մեջ, թերևս, «ամենաբախտավորը» Համո Սահյանն է, քանզի նրա կողքին՝ կենդանության օրոք և, հիշատակի խնկարկումով՝ մահից հետո Շչորս Դավթյան կա, պատվախնդիր հայորդի, ում տքնանքը Սահյանի ժառանգության պահպանման և տարփողման հարցում գերագնահատելը դժվար է, թերագնահատելը... չարամտություն։
ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. որքան էլ խուսափեմ կրկնելուց որդու՝ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի բնորոշումը՝ վառվռուն, ավելի դիպուկ չէի ասի, ուրեմն, նրա վառվռուն ներկայությունը կար 50-ից 90-ական թվականների մշակութային կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։ Շռայլ և կենսախինդ, արդարադատ և պարկեշտ ներկայությունը։ Իր մուտքը հայ գրականություն աննկատ չեղավ. 1935 թ. անցկացված պատանի ստեղծագործողների մրցույթում, որին մասնակցում էին մեր մշակույթին հետագայում պատիվ բերած Առնո Բաբաջանյանը, Ալ. Հարությունյանը, Վահագն Դավթյանը և էլի շատերը, հաղթեց «պատանի բանաստեղծ» կնքված Հրաչյա Հովհաննիսյանը՝ միանգամից հայտնվելով այն ժամանակվա մեծերի գուրգուրոտ և խրախուսող հայացքի ներքո։
Միշտ նշվել է նրա՝ ՀԳՄ վարչության անդամ, քարտուղար, արտասահման մեկնող պատվիրակությունների ղեկավար լինելը՝ նուրբ, սրտաբուխ և սրտամոտ տողեր երկնող, բանաստեղծ լինելը ստվերում թողնելով, իսկ նա հայ գրականության ականավոր բանաստեղծներից էր, նաև հրաշալի արձակագիր, թարգմանիչ, ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1974), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979), «Գրական թերթի» (երկու անգամ), «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր և 1988-1990 թթ.՝ ՀԳՄ նախագահ։
Իսկ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի երգացանկի գրեթե ողջ ընտրանին (գրեթե, որովհետև Սիլվա Կապուտիկյանի խոսքերով ևս երգեր կան) պատկանում է Հրաչյա Հովհաննիսյանի տաղանդավոր գրչին, տեքստեր, որոնք զարմանալի համադրությամբ և՛ գեղջկական պարզություն, գունեղ հնչերանգ ունեն, և՛ բանաստեղծական արվեստի կնիք, և, ցավոք, շատերը չգիտեն այս փաստը. ինքը շռայլորեն, թեթևորեն նվիրել է՝ իր անունը չնշելով, ոմանք էլ այսօր նույն «թեթևությամբ» փորձում են... յուրացնել՝ հօգուտ իրենց հարազատների։
Ինչևէ, սա չէ էականը, այլ այն, որ այս վառ անհատականությունը քիչ-քիչ մոռացվում է։ (Ի պատիվ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի և մշակութային հաղորդումների բաժնի ղեկավար Օֆելյա Ասատրյանի, ամեն տարվա, դեկտեմբերի 8-ին՝ բանաստեղծի ծննդյան օրը, ռադիոյի եթերը վաղ առավոտից մինչ ուշ երեկո նվիրվում է նրան. հնչում են Հրաչյա Հովհաննիսյանի ձայնը, ընթերցումներ բանաստեղծություններից, Դավիթ Հովհաննեսի հարցազրույցները՝ նվիրված հորը։
Իսկ մշակույթի նախարարությո՞ւնը, գրողների միությո՞ւնը։ Քանի՞ հոբելյան անցավ նրա ողբերգական մահից հետո. ո՞րը նշվեց։ Գումա՞ր չկա։ Չեմ ցանկանում և իրավունք էլ չունեմ նվազեցնելու Մարտիրոս Սարյանի ծանրակշիռ դերը մշակութային ժառանգության, սակայն ինչո՞ւ է մշակութային «արևը» այսքան կողմնապահ, այսքան աչառու. այս նախարարությունը կարող է նախ 390 միլիոն դրամ, ապա ևս 50 միլիոն դրամ (գումարած հաշմանդամների համար կառուցված հատուկ ապակեպատ վերելակի արժեքը), գումար տրամադրել մեծ նկարչի տուն-թանգարանը վերակառուցելու, ևս մեկ հարկ ավելացնելով՝ այն արդեն չորսհարկանի դարձնելու համար (իրենք անվանում են... վերանորոգում), իսկ Դերենիկ Դեմիրճյանի, Արա Սարգսյանի, Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանները միշտ ստվերում են և անտեսված։ Արժանի չե՞ն։ Ընդհանրապես, տիեզերքը նվաճելուց հետո ընդունված է ճշտել, թե, որպես Երկիր մոլորակում ստեղծված մշակութային արժեք, այլ քաղաքակրթություններին ի տես և ի լուր ի՞նչ կարելի է ուղարկել։ Ես անվերապահ տիեզերք կուղարկեի Հակոբ Կոջոյանի «Հայկական մունետիկը»։
Իսկ որքան դերասաններ, կոմպոզիտորներ, գրողներ են իրենց ստեղծած արժեքներով, անուններով և չնշվող հոբելյաններով մոռացության վարագույրների ծալքերով փաթաթվում և անտեսվում։ Սա ոչ թե ի միջի այլոց, այլ ի լրացումն ոմանց մակերեսային աշխատանքի (շա՜տ անփույթ)՝ մեր մեծերի արժևորման հարցում։
Որքան էլ ճակատագիրը դիմահար և թիկունքից հարվածեց Հրաչյա Հովհաննիսյանին, առժամանակյա երերմունքը հաղթահարելով, սիրելի բանաստեղծը դարձյալ իր հավատի, կենսախնդության շնորհիվ մինչև կյանքի վերջին՝ 1997-ի նոյեմբերյան տխուր օրը մնաց հույսով և հուսադրող, եռանդուն և եռանդ հաղորդող, լավատես և լավատեսություն ներարկող. բացառիկ որակներ, որոնք առկա են իր բոլոր գրքերում՝ արձակ, չափածո, թե հուշագրական, հարցազրույցներում և ելույթներում։
Շատ կցանկանայի անդրադառնալ «Այս լույս աշխարհից բոլոր պայծառ կարոտները հավաքած, և զարմանալի մի օր, զարմանալի մի օր բանաստեղծ դարձած» Հրաչյա Հովհաննիսյանի՝ հայ գրականության մարգարիտներ համարվող «Հրաշալի այգեպան», «Սուրը դափնու վրա», «Աշուն թագուհին» և հատկապես «Իրիկնային ղողանջ» շարքերին և «Հովերը ձայներ են բերում» հոգեցունց բանաստեղծությանը, սակայն մեկ այլ առիթով։
Հիմա, շնորհավորելով նրա ծննդյան օրը, թեկուզ ո՛չ հոբելյանական (96-ամյակ), ավարտեմ խոսքս իր լուսավոր-լուսեղեն տողերով. «Տարիների մուժը դանդաղորեն լցվում է մեր կյանքի հովիտը։ Բայց այնտեղ՝ այդ հովտում մեզ դեռևս ժպտում են լուսացոլ բացատներ, ուր ցրված են մեր երջանկության, սիրո, հավատի, հույսի և ցավի ծաղիկները»։
Այդ անթառամ ծաղիկներն իր անմար հիշատակին, պայծառ անվանը և իր քնարական հրաշալի պոեզիայի ոչ միայն «իրիկնային», այլև հավերժական ղողանջները՝ գալիք դարերին և սերունդներին։
Գայանե ԱԹԱՆՅԱՆ